Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Այո՛, քրիստոնյա են, բայց միայն անունով և արտաքնապաշտությամբ վարակված

Այո՛, քրիստոնյա են, բայց միայն անունով և արտաքնապաշտությամբ վարակված
20.10.2015 | 11:27

Հարցին` քրիստոնյա՞ ես, տասը հայից իննի պատասխանը նույնն է. «Բա հո մուսուլման չե՞մ, իհարկե քրիստոնյա եմ»։ Իսկ երբ առավել մտերմիկ զրույց ես ծավալում ու հարցնում` ո՞վ է Քրիստոսը իր համար, ՈՒմ անունով է նա իրեն կոչում քրիստոնյա, տասից մեկ-երկուսն է պատասխանում, որ Քրիստոս Հիսուսը իր Տերն ու Աստվածն է, իսկ մնացածները լղոզված ու երբեմն էլ զավեշտ պատասխաններ են տալիս Քրիստոս Տիրոջ վերաբերյալ։ Չմանրամասնենք պատասխանները, բայց քննողաբար դիտարկենք դրա արդյունքները մեր ազգի տարբեր ոլորտներում։
Սկսենք վերևներից, իմա` իշխանավորներից, որոնց կամա թե ակամա բոլորն են լսում ու նայում ամեն օր։ Նրանք են, որ մեզ ներկայացնում են որպես առաջին քրիստոնյա ազգն աշխարհում։ Բայց եթե հետևենք նրանց կենցաղավարությանը, կարձանագրենք` հեթանոսներից ոչնչով չեն տարբերվում. փառասիրություն, հարստատենչություն, ագահություն, կեղծավորություն, սուտ խոստումներ, դաժանություն դիմացինի նկատմամբ և քրիստոնյային անհարիր այլ դրսևորումներ։ Եթե կան մասնակի շեղումներ դեպի լավն ու դրականը, ապա դրանք այնքան սակավ են, որ մեր իշխանավորների ընդհանուր ֆոնի վրա համարյա չեն երևում։ Այդ է պատճառը, որ նրանք ոչ թե արժանանում են ժողովրդի հարգանքին, այլ պարսավանքի, հայհոյանքների ու երբեմն էլ` անեծքների։ Ասեմ` համամիտ չեմ ժողովրդի նման վերաբերմունքին, քանզի հենց նման դրսևորումներով են ապացուցվում «ռամիկ» մասսայի ցածր մակարդակն ու քրիստոնյային ոչ վայել դիրքը իշխանավորների հանդեպ։ Պողոս առաքյալն այդ առնչությամբ գրում է. «Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, մանաւանդ թագաւորների և բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ և հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ և սրբութեամբ. ա՜յդ է բարին և ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ» (Բ Տիմոթեոս 1.2): Այս ազգապահպան գաղտնիքը, որ իշխանավորների համար պետք է աղոթել, որ խաղաղությամբ ապրենք, չափազանց քչերն են անում, այդ պատճառով մեր ներսում կուտակված նեգատիվը հրաբխային լավայի նման երբեմն դուրս է հորդում ու ալեկոծում ազգը և մեծ վնասներ պատճառում բոլորիս։ Միշտ հիշենք. արտաքին թշնամիներն ամեն գնով ուզում են ալեկոծել մեր երկիրն ու պղտոր ջրում ձուկ որսալ։ Աշխարհն ականատես եղավ, թե ինչպես մեկը մյուսի հետևից բարեշեն երկրները կործանվեցին, իսկ այդ ամենը սկսվեց ժողովուրդ և իշխանավոր հարաբերության սրացումներից. մեկի մոտ էր հարստությունն ու զենքը, մյուսի մոտ՝ քանակն ու ցասումը, կյանքի գնով մինչև վերջ պայքարելու կամքը. արդյունքում էլ` կարճ միացում և հազարավոր զոհեր ու թշվառություն, նաև միլիոնավոր պանդխտացած ընտանիքներ։ ՈՒրեմն այս կարևոր հարցում մենք շատ զգույշ պետք է լինենք ու Պողոս առաքյալի խոսքով առաջնորդվենք, որ հայոց ազգը խաղաղության մեջ մնա։
Ես հաճախ եմ օգտվում համացանցի ֆեյսբուքյան ծառայությունից, քանզի այնտեղ խճանկարի նման մեր ազգային դեմքն է երևում։ Ցավով պետք է փաստեմ, որ այդ դեմքը երբեմն այնքան ծամածռված է լինում, որ ակամա մեծն Խորենացու խոսքերն են կենդանանում. «Ողբամ զքեզ, հայոց ազգ»։ Օրինակ, մի քանի օր առաջ գրառություններ կարդացի և խիստ կասկածեցի, որ քրիստոնյա ազգի մեջ եմ ապրում։ Մեկը գրել էր, որ այսինչ տեղում բարերարների միջոցով նորակառույց եկեղեցի է բացվելու, ու սկսվեցին անեծքներ ու լուտանքներ թափվել եկեղեցին կառուցողների ու մեր առաքելական Մայր Աթոռի հասցեին։ Մի պահ ինձ թվաց, թե ադրբեջանական կայքի գրառումներ եմ կարդում Հայաստանի մասին, այնքան թշնամանք ու ատելություն նկատեցի մեր ազգի, այսպես ասած, մտավորական շերտի մեջ (գրառումները գրագետ ու խոսքի ճոխությամբ էին հրամցված), իսկ նրանց խոսքի բուն նյութը գարշահոտ աղբից էլ վատ էր. էլ Գրիգոր խավարիչ (Լուսավորչի փոխարեն), էլ անեծքների ու զանազան ծաղրական էպիտետների հեղեղ մեր եկեղեցականների հասցեին։ Կարծես այդ մարդկանց համար անձնական վիրավորանք է դառնում, եթե ինչ-որ գյուղում կամ քաղաքում եկեղեցի է կառուցվում։ Հարգելիներ, համաձայն եմ այդ ամենի հետ, բայց չմոռանանք, որ մենք խղճի ազատության կոդեքս ենք ստորագրել, ու եկեղեցի կառուցող բարերարներն էլ իրավունք ունեն օգտվելու այդ ազատության օրենքից։ Մեկը ռեստորանային շքեղ համալիր է կառուցում, մյուսը՝ գիշերային զվարճատուն, ու ոչ մի բացասական խոսք չի ասվում դրանց մասին։ Բայց երբ լսում են, որ եկեղեցի է կառուցվել, իսկույն չարը արթնանում է, ու սկսվում է լուտանքի հեղեղը եկեղեցաշեն քրիստոնյաների հասցեին։ Բանը հասավ այնտեղ, որ մի մտավորական էլ գրեց, թե ժամանակն է, որ մեր պետությունը մի հատուկ օրենք ընդունի՝ արգելելով Հայաստանում նոր եկեղեցիների կառուցումը։ Հարց նման կերպ մտածողներին. ինչո՞վ են տարբերվում այս աթեիստական հակադարձումները 1937-ի ստալինյան ռեժիմի հալածանքներից ու եկեղեցիները ավերելու գործելակերպից։ Ասեմ ինչով։ Այսօրվա անաստվածները իրավունք և իշխանություն չունեն այդ ամենը իրագործելու, այլապես այդպես էլ կվարվեին ու եկեղեցիներ կառուցողներին ու հաճախողներին Սիբիր կաքսորեին։ Չկասկածենք, քանզի չարին թեկուզ մտքով համամիտ եղողը արդեն մեղսագործ է, պարզապես կատարելու հնարավորությունից է զուրկ։ Բայց նման կերպ մտածողները չգիտեն, որ վերջին ժամանակների հայտնի նշաններն են կրում իրենց վրա, քանզի գրված էր Սուրբ գրքում. «Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատքից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների և դևերի վարդապետությունների վրա, տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խանձված է» (Ա Տիմոթեոս 4.1-2)։ Թերթերից մեկում էլ վերջերս կարդացի, որ պետք է տարրական դպրոցներից հանել մեր առաքելական եկեղեցու պատմության դասավանդումը, քանի որ եվրոպական ոչ մի երկրում նման բան չկա։ Երևի այդ առաջարկն անողը կավելացնի, որ հենց առաջին դասարանից երեխաներին սեռական դաստիարակության հմտություններ պետք է սովորեցնել, որ արբունքի տարիքին չհասած տղաներն ու աղջիկները շների նման անարգել կարողանան միմյանց «համտեսել», ինչպես արդեն կատարվում է եվրոպական երկրներում։
Վերջերս Գերմանիայից զանգում է սանիկիս տատիկը, ով ընտանիքով տեղափոխվել է այդ բարեշեն երկիրը։ Ոչ մի նյութական խնդիր չունեն. կեր, խմիր, քեֆ արա, բայց բարոյահոգեբանական պրոբլեմներ՝ ինչքան ուզես։ Չեմ ուզում շատ խորանալ այդ աղբակույտի մեջ, բայց միայն փաստեմ, որ սանիկս, ով արդեն յոթերորդ դասարանում է, ամառային արձակուրդներին ճամբար գնալիս, դպրոցական ծրագրի համաձայն, պետք է ատամի խոզանակի ու սրբիչի հետ միասին, նաև կներեք, պահպանակներ հետը վերցնի, քանի որ այդպես են կարգադրել դպրոցի պատասխանատուները, որպեսզի գործնականում անեն այն, ինչ դպրոցում սովորել են սեռական դաստիարակության ուսուցման դասընթացներում։ Իսկ քսանհինգամյա աղջիկը, ով տեղի համալսարանում է սովորում, որպես բարեպաշտ քրիստոնյա է գնացել այդ երկիր, բայց հիմա չգիտի ինչպես դասավորի իր անձնական ու ընտանեկան կյանքը, որպեսզի Աստծո առաջ չմեղանչի, քանզի այդ երկրում աղջիկները ազատ սեռական հարաբերություններ են ունենում տասնյակների հետ մինչև ամուսնությունը, և միայն հասուն տարիքում են ընտանիք կազմում կամ էլ շարունակում սրա-նրա հետ կենակցել։ Այդ պատճառով էլ մեր հայոց լեզվում նման բարքերը շնություն են կոչում։ Ա՞յս եք ուզում մեր դպրոցներում սովորեցնեն ձեր երեխաներին, հայորդի ու չակերտավոր քրիստոնյաներ, որ դեռ մանկապարտեզային տարիքից սեռային տարբերությունները վերացնեն, ու վերջում էլ մեր երեխաներից սատանայի ու դժոխքի վիժվածքներ սարքեն։ ՈՒրեմն վեր կացեք ու ձեր նախասիրած եվրաերկրները գնացեք, թողեք մեր դեռևս ավանդապաշտ Հայաստան երկիրը մնա Աստծո ողորմության մեջ, քանզի մեծ բարկությունով ու հրեղեն մաքրագործող կրակով է Տերը այցելելու այլասերված այս աշխարհ։ Գուցե գրվածքի մեջ կոպտություն ու բարկություն է տեսնում ընթերցողը, բայց թող չզարմանա, քանզի սուրբ բարկություն կոչվող հոգեվիճակ էլ գոյություն ունի։ Այդ մասին Վարդան Արևելցի վարդապետն էլ է գրում, ասելով. «Չարիքների դեմ բարկանալը, ըմբոստանալը, զայրանալը նույնիսկ ազնիվ պարտավորություն է, որպեսզի դրանք կյանքից արմատախիլ արվեն»։ Այդ մասին նկարագրված է նաև Աստվածաշնչում, որի մասին ինքդ հիմա կարդա ու համոզվիր. «Մի անգամ մի իսրայէլացի մարդ Մովսէսի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի ներկայութեամբ իր եղբօրը բերեց մի մադիանացի կնոջ մօտ: Իսրայէլացիները լաց էին լինում վկայութեան խորանի դռանը: Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեհէսը, տեսնելով դա, վեր կացաւ ժողովրդի միջից և իր ձեռքն առնելով տէգը՝ այդ տղամարդու յետևից մտաւ անառակ կնոջ սենեակն ու խոցեց երկուսին էլ՝ իսրայէլացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից: Այդ ժամանակ էլ դադարեց իսրայէլացիների կոտորածը: Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռաւ: Տէրը խօսեց Մովսէսի հետ և ասաց. «Փենեհէսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, վերացրեց իսրայէլացիների նկատմամբ ունեցած Իմ զայրոյթը, քանի որ նա նրանց նկատմամբ նոյնքան անհաշտ էր, որքան Ես: Եւ Ես իսրայէլացիներին իմ բարկութեամբ չոչնչացրի» (Թվեր 25.7-11):
Հիշում եմ, երբ տարիներ առաջ Թարգմանչաց տոնին Օշականի եկեղեցի էի գնացել պատարագի, ուրախությամբ տեսա, որ մեր հայտնի գրողներն ու բանաստեղծներն էլ էին եկել՝ Սիլվա Կապուտիկյանի հետ։ Ինչպես ընդունված էր, բոլորը խոնարհվելով իրենց ծաղիկները սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին դրեցին, ապա, մի քանի րոպե լուռ կանգնելուց հետո, մտան եկեղեցու սրահ մոմեր վառելու և իրենց աղոթքը անելու։ Բայց երբ սկսվեց սուրբ Պատարագը, նրանցից մի քանիսը միայն մնացին եկեղեցում, մնացածները Սիլվա Կապուտիկյանի հետ գնացին դրսում զրուցելու և ծխելու։ Ես նկատեցի, որ պատարագին մասնակցող մեր մտավորականների մի մասը նույնիսկ կարգին խաչակնքել չգիտեր, իսկ սուրբ Հաղորդության մասին էլ չեմ ասում, քանի որ նրանցից ոչ ոք չհաղորդվեց Տիրոջ սուրբ ու կենարար Մարմնին ու Արյանը։ Մինչդեռ նրանք եկել էին Մաշտոցի գերեզմանին այցելության, ով հայատառ առաջին նախադասությունն էր թարգմանել Աստվածաշնչից. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակաց 1.1)։ Եթե մեր հարգելի մտավորականները ջանք անեին հասկանալու թեկուզ այս նախադասության միտքը, ապա կիմանային, որ հենց պատարագի ժամանակ մենք Աստծո իմաստությունն ենք ճանաչում, Ով մեզ Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Բանի միջոցով հավիտենական կյանք է շնորհում սուրբ Հաղորդության խորհրդով։ Այդ մտավորական երևելիները ի՞նչ պետք է սովորեցնեն մեր քրիստոնյա ազգին։ Ոչինչ, որովհետև ոչինչ չունեն տալու, բացի բարոյախրատական մի քանի գրվածքներից։ Եվ այդ գրվածքների մեջ արդեն այնքան հեթանոսական կրքերի ու բարքերի ջատագովում կա, որ Գառնիի հեթանոսական տաճարը դարձել է շատ մտավորականների մեքքան։
Եվ վերջապես, մենք հիմա, փաստորեն, կիսապատերազմական վիճակում ենք, բայց գիտե՞ք արդյոք, որ մեր հայրենիքի սահմանների ամրությունը նաև մեր յուրաքանչյուրի հոգու մաքրությունից ու աղոթքից է կախված, այն էլ՝ բառիս բուն իմաստով։ Եթե կասկածում եք, նորից դիմենք միակ Ճշմարտության աղբյուրին՝ Աստվածաշնչին. «Այդ մարդիկ գնացին, լրտեսեցին Գայիին, ետ դարձան Յեսուի մօտ ու ասացին. «Այս ամբողջ ժողովուրդը թող չգնայ, այլ երկու կամ երեք հազարի չափ մարդիկ թող գնան եւ պաշարեն քաղաքը: Մի՛ տար այնտեղ ամբողջ ժողովրդին, որովհետեւ նրանք քիչ են»: Եւ ժողովրդից մօտ երեք հազար մարդ գնացին այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջեւից: Գայիի մարդիկ նրանցից երեսունվեցին կոտորեցին եւ նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրաւորեցին զառիվայրի վրայ, մինչեւ որ ջարդեցին նրանց: Ժողովրդի սիրտը դողաց, եւ նրանք ասես ջուր դարձան:
Յեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրայ ընկաւ գետին Տիրոջ տապանակի առաջ, եւ ինքն ու Իսրայէլի ծերերը այդպէս մնացին մինչեւ երեկոյ եւ իրենց գլխի վրայ հող ցանեցին: Յեսուն ասաց. «…Օ՜հ, Տէ՛ր, հիմա ես ի՞նչ անեմ, երբ Իսրայէլն իր վիզը ծռել է իր թշնամիների առաջ: Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչներն այդ լսելով՝ կը պաշարեն եւ կը ջնջեն մեզ երկրի երեսից: Այն ժամանակ ի՞նչ պիտի անես Քո մեծ անուան համար»:
Եւ Տէրը Յեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես ընկել երեսիդ վրայ: Ժողովուրդը մեղք գործեց, դրժեց իմ ուխտը, որ ուխտեցի նրանց, նրանք գողացան, առան նզովուած բաներից, ստեցին եւ դրին իրենց ամանների մէջ: Իսրայէլացիներն այլեւս չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ, այլ թիկունք կը դարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետեւ նզովք դարձան: Այլեւս ձեզ հետ չեմ լինի, քանի այդ նզովուածը չէք վերացնի ձեր միջից:
Այսպէս է ասում Տէր Աստուածն իսրայէլացիներին. «Իսրայէլացինե՛ր, նզովք կայ ձեր մէջ, դուք չէք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչեւ որ նզովքը ձեր միջից չվերացնէք:
Եւ Յեսուն առաւօտը կանուխ վեր կացաւ, ներկայացրեց ժողովրդին ըստ իրենց ցեղերի, եւ մեղադրուեց Յուդայի ցեղը: Յուդայի ցեղը ներկայացաւ տոհմերով, եւ մեղադրուեց Զարայի տոհմը: Զարայի տոհմը ներկայացաւ տներով, եւ մեղադրուեց Զամբրիի տունը: Նրա տունը ներկայացաւ իր մարդկանցով, եւ մեղադրուեց Յուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քամրիի, եւ սա՝ որդին Զամբրիի, իսկ սա՝ որդին Զարայի: Յեսուն Աքարին ասաց. «Որդեա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Իսրայէլի Տէր Աստծուն, խոստովանի՛ր եւ պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, եւ մի՛ թաքցրու ինձնից»: Աքարը պատասխան տուեց եւ ասաց Յեսուին. «Արդարեւ, ես մեղք գործեցի Իսրայէլի Տէր Աստծու առաջ եւ այս բանը արեցի. աւարի մէջ տեսայ մի գեղեցիկ նկարազարդ վերարկու, երկու հարիւր սիկղ արծաթ եւ մի ձուլակտոր ոսկի, որի ծանրութիւնը յիսուն սիկղ էր, սաստիկ ցանկացայ եւ առայ դրանք: Ահա դրանք թաքցուած են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը թաքցուած է դրանց տակ»: Յեսուն պատգամաւորներ ուղարկեց, նրանք գնացին բանակատեղի՝ դէպի վրանը. դրանք պահուած էին այնտեղ, նրա վրանում, իսկ արծաթը դրանց տակ էր: Նրանք հանեցին դրանք վրանից, բերին Յեսուի եւ Իսրայէլի ծերերի մօտ եւ դրին Տիրոջ առաջ:
Յեսուն, նրա հետ եւ բոլոր իսրայէլացիները վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին եւ դուստրերին, նրա արջառը, էշը, նրա բոլոր ոչխարները, բոլոր վրանները, նրա ամբողջ ունեցուածքը եւ բերեցին Աքորի ձորը: Յեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր, Տէրն այսօր քեզ կը կործանի»: Եւ բոլոր իսրայէլացիները նրան քարկոծեցին քարերով ու նրա ունեցուածքը այրեցին հրով, քարկոծեցին նրա իւրայիններին եւ դիզեցին նրանց վրայ մեծ քարակոյտ, որ կայ մինչեւ այսօր: Եւ իջաւ Տիրոջ սաստիկ բարկութիւնը: Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքորի ձոր, եւ այդպէս է կոչւում...» ( Նաւէի որդի Յեսուի գիրքը 7)։
Հետևություններն ինքներդ արեք ու իմացեք, որ ամեն մի սպանված մեր զինվորի համար, ով չակերտավոր քրիստոնյաներ, ձեր մեղքի բաժինն ունեք, որ ոչ աղոթում եք այդ զինվորների ու մեր հայրենիքի սահմանների պահպանության համար, ո՛չ էլ ուզում եք եկեղեցին ու քրիստոնյաները աղոթեն, ավելին, արգելում եք եկեղեցիների կառուցումը։
Հիմա դառնանք մեր ազգի շինարար ու բանող շերտին, որն ապահովում է մեր նյութական բարիքներն ու կերակուրը։ Այստեղ էլ հոգևոր վիճակը մի բան չէ, չնայած նրանց հետ զրույցների ժամանակ անկեղծ հավատի ու Աստծո երկյուղի ելևէջներ եմ նշմարել։ Պարզապես այդ անդաստանը չի մշակվել ու սերմանվել, քանզի ինչպես Հիսուսն ասաց. «Հունձքը առատ է, բայց մշակներն են սակավ»։ Հնում ամեն գյուղ իր եկեղեցին ու իր քահանան ուներ, հիմա ոչ բոլոր գյուղերն ունեն շեն եկեղեցի ու քահանա, թեմի սակավ քահանաների վրա է դրված այդ մեծ պարտականության բեռը, մինչդեռ մեկ հոգին չի կարող բավարար կերպով սպասավորել տասնյակ գյուղեր։ ՈՒ բնական է, որ ոչ բոլորին է հնարավոր հասցնել Ավետարանի ճշմարիտ խոսքը, ինչից էլ օգտվում են որոմի պես տարածվող աղանդավորական հոգեորսները։ Ես արդեն առաջարկել եմ մեր վերադաս հոգևոր դասին մի-մի ավտոբուս առանձնացնել ամեն մի թեմի համար, մի վարդապետով, մի քանի քահանաներով ու սարկավագներով այցելել գյուղերը, մի քանի օր մնալ այնտեղ, թեկուզ գիշերել ավտոբուսի մեջ, որը թող լցոնված լինի հազարավոր աղոթաթերթիկներով, հանրամատչելի հոգևոր գրքույկներով, որ մարդիկ հաղորդ լինեն Տիրոջ փրկարար Ավետարանի խոսքին։ Մարդկանց նախապատրաստել մկրտության, ու հենց այդ շրջիկ հոգևորականներն էլ մկրտեն հազարավոր անկնունքներին, թե չէ ասում ենք՝ հայերս քրիստոնյա ենք, բայց երևի ազգի կեսը անկնունք է մնացել, մանավանդ գյուղական վայրերում։ Չե՞ք հավատում, ինքներդ հարցում կատարեք ու կհամոզվեք։
Հիմա էլ գանք քաղաք։ Տոնավաճառներում երբեմն աչքովս է ընկնում միայն մեր ազգին բնորոշ սրբապիղծ խայտառակություններից մեկը՝ մեր քրիստոնեական արժեքները բնորոշող խաչերն ու Տիրամոր արձանիկները կեղծ կոնյակի շշերի վերածած այլանդակությունները։ Այս երևույթը կարելի է բնորոշել. հեթանոսախառն քրիստոնեություն։ Իսկ ովքե՞ր են դրանցից օգտվում, կաթոլիկնե՞րը, ուղղափառնե՞րը, բողոքական քրիստոնյանե՞րը, իհարկե ոչ, միայն մեր չակերտավոր քրիստոնյա, ռաբիս հայերը, որոնց հավատքը մոմից ու մատաղից այն կողմ չի անցնում։ Նկատել եմ, որ այդ շերտին պատկանող հայորդիները, երբ կիրակի օրը կանգնած եմ լինում պատարագին, կեսից գալիս են ամբողջ ընտանիքով մի-մի տոպրակ աղ առած, որ մատաղի համար օրհնել տան քահանային, բայց նրանց բացարձակ չի հետաքրքրում, թե եկեղեցում ինչ է կատարվում։ Երբ նրանցից մեկի հետ զրուցեցի հոգևոր թեմաների շուրջ, ուրախությամբ զրույցի բռնվեց ու ասաց, որ ամեն տարի անպայման իր մատաղներն է անում, երբեմն էլ եկեղեցի է գնում, խրձով մոմեր է վառում, տրնդեզին էլ մի լավ խարույկ են անում ու վրայից թռչում, որ չարը խափանվի։ Բայց երբ նրան հարցրի, արդյո՞ք հավատում է Տիրոջ խոսքին, Ով ասաց. «Ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի», նա զարմացած նայեց երեսիս ու ասաց. «Ախպեր ջան, ի՞նչ հավիտենական կյանք, ի՜նչ բան, մեռած ու հող դարձած մարդը էլ ինչպե՞ս կսաղանա ու դեռ հավիտենական կյանք կունենա»։ Ես նրան պատասխանեցի Հիսուսի բերած օրինակով, որ երբ ցորենի հատիկը գցում ես հողի մեջ, այն մեռնում է, բայց գարնանը նորից ծիլ է տալիս ու նորից է կենդանանում, հատիկավորվում։ Բայց այդ խոսքերը նրան ծայրահեղություն թվացին, ու նա չշարունակեց զրույցը։ Ահա նման հոգեվիճակում է գտնվում բանող ու շինարար շերտի մեծամասնությունը։ Եվ երբ այդ մարդկանց հետ խոսում ես Ավետարանից կամ մեր եկեղեցու սուրբ հայրերի խրատներից, նրանց լեզուն կարծես քարկապ է ընկնում, և իսկույն հարցնում են. «Ախպեր, կարո՞ղ է Եհովայի վկա ես կամ էլ բողոքական», այսինքն, ըստ նման չակերտավոր քրիստոնյաների, Աստծո խոսքը կարող են խոսել միայն այդպիսիները։
Այսչափ վկայություններից հետո, հիմա հարց տանք ինքներս մեզ՝ քրիստոնյա՞ են արդյոք հայերը։ Առայժմ ես պատասխանեմ որպես այս հոդվածի հեղինակ, իսկ հետո դուք։ Այո՛, քրիստոնյա են հայերը, բայց միայն անունով և արտաքնապաշտությամբ վարակված։
ՈՒրեմն Աստված բոլոր հայորդիներիս ճշմարիտ քրիստոնեական հավատքի մեջ հաստատվելու շնորհ պարգևի և Իր Երկրորդ գալուստից առաջ մեր սուրբ նախնիների նման Իրեն փառավորող ազգ դարձնի. ամեն։


Սեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ